Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի 5-ամյակի առթիվ 2024թ․ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Համընդհանուր ներառման խթանումը կրթական համակարգում» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր քննարկել կրթության համակարգում համընդհանուր ներառման սկզբունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև կիսվել լավագույն փորձով ու մեթոդներով ուսուցիչների, տնօրենների, կրթության ոլորտի տարբեր մասնագետների հետ։
Աշխատաժողովի օրակարգային թեմաներն էին՝
- ✦ Համընդհանուր ներառման սկզբունքների ներկայացում
- ✦ Ներառական կրթության ներդրումը Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջաններում
- ✦ Հաջողված ծրագրերի և գործողությունների վերլուծություն
Դիտարկվեցին, մասնավորապես, թեմաներ և մեթոդիկաներ, որոնք միտված են այնպիսի ուսումնական միջավայրի ստեղծմանը, որը կաջակցի բոլոր սովորողների կրթական զարգացմանը՝ անկախ նրանց անհատական կարիքներից և առանձնահատկություններից։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները։
Հոգեբան Արմինե Ավագյանը «Խաղային թերապիայի կարևորությունը նախադպրոցական տարիքում» թեմայով զեկույցում անդրադարձավ երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, տարբեր հմտությունների ձևավորման գործում խաղի կարևորությանը․ այնպիսի հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են սոցիալական համագործակցությունը, ստեղծագործական միտքը, նոր գիտելիքների ձեռքբերումը և այլն՝ կարևորելով այդ գործընթացում մասնագետների ակտիվ մասնակցությունն ու հույզերի դրսևորումը նրանց կողմից։
Հատուկ մանկավարժ Լյուդմիլա Գարեգինյանը «Խմբային պարապմունքները որպես հատուկ մանկավարժական ծառայությունների տրամադրման ձևաչափ» թեմայով զեկույցում խոսեց սոցիալականացման դժվարություններ ունեցող երեխաների վրա խմբային պարապմունքների դրական ազդեցության, այդ պարապմունքները կազմակերպելու սկզբունքների և առանձնահատկությունների, դրանցում երեխաներին արդյունավետ կերպով ներգրավելու մեթոդների ու եղանակների մասին։
ՏՄԱԿ-դպրոց-ծնող համագործակցության սկզբունքներին ու մեխանիզմներին անդրադարձավ սոցիալական մանկավարժ Էլիզա Քեոշկարյանը։ Նա ներկայացրեց զեկույց «Արդյունավետ համագործակցություն» թեմայով, որում մանրամասնեց այդ համագործակցության բովանդակային և կազմակերպչական առանձնահատկությունները։
Զեկույցներն ուղեկցվում էին գործնական վարժություններով, որոնց ակտիվորեն մասնակցեցին աշխատաժողովի հյուրերը։
Սիրով շնորհավորում ենք Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մեր գործընկերներին, մաղթում ենք նոր ձեռքբերումներ և եռանդ՝ ի նպաստ տարածաշրջանում ներառական կրթության իրականացման արդյունավետության բարձրացմանը։
22.11.2024