2024թ․ դեկտեմբերի 20-ին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ» խորագրով աշխատաժողով՝ նվիրված նախադպրոցական կրթության համակարգին, նրա կարևորությանն ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Աշխատաժողովի նպատակը ժամանակակից մանկավարժական մոտեցումների քննարկումն ու համակարգում առկա լավագույն փորձի փոխանակումն է։
Համաժողովն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով: Մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանն անդրադարձավ նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին, մասնավորապես նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրմանը, շուրջ 1500 նախադպրոցական մանկավարժների վերապատրաստումներին, տնօրենների հավաստագրման գործընթացներին, ՆՈՒՀ-երի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՆՈՒՀ-երում գրեթե տասը անգամ աճել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը՝ շեշտելով այդ կարիքներին համապատասխան աշխատանքների ծավալների ընդլայնման, որակի և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Նա կարևորեց երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ առանձնահատուկ կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում բռնության բացառումն ու երեխաների ֆիզիկական պաշտպանվածության հանգամանքը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լ․ Մնացականյանն իր ելույթում ընդգծեց կրթությունը որպես դինամիկ գործընթաց դիտարկելու կարևորությունը և այդ համատեքստում շարունակական վերապատրաստումների կարևորությունը։ Նա նշեց որ 2024թ-ի ընթացքում ՆՈՒՀ-երի մեծ մասը համալրվել է սոցիալական մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի հաստիքներով, ներկայացրեց այս ուղղությամբ ՀՄԿ-ի կողմից իրականացված գործողությունները, այդ թվում՝ աշխատանքային փաթեթների մշակումը, ինչը հնարավորություն կընձեռի համակարգված և միասնական մոտեցում ապահովել և վերահսկելի դարձնել նախադպրոցական կրթության իրականացման գործընթացը։ Նախատեսվող բարեփոխումների մասին խոսելով՝ նա կարևորեց բազմազանությունը որպես արժեք ընկալելու և այն կրելու դիրքերից հանդես գալու դիրքորոշումը, որը, նրա դիտարկմամբ, պետք է ձևավորվի հենց նախադպրոցական տարիքում՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը հաջորդ՝ դպրոցական փուլ։
Աշխատաժողովի բացման արարողությանը հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանեց նախադպրոցական կրթության և բարեփոխումների վերաբերյալ ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների հարցերին։
Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին աշխատարաններով՝ չորս հիմանական ուղղություններով՝
- ✦ նախադպրոցական կրթության բովանդակության բարելավում
- ✦ նախադպրոցականների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները
- ✦ ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպ
- ✦ ՆՈՒՀ-ի կառավարում և սննդի կազմակերպում։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ. Անի Խուդոյանը և մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Արմինե Ավագյանը։
Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել էր կրթական էքսպո, որի ընթացքում ներկայացված էին ՀՀ ՆՈՒՀ-երի կողմից մշակված և կրթական գործընթացում կիրառվող զարգացնող խաղերն ու դիդակտիկ նյութերը։
22․12.2024