2025թ․ հոկտեմբերի 22-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հետ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը խոսեց ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացների մասին։ Նա նշեց դպրոցներում ուսուցիչների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը՝ ընդգծելով այնպիսի հմտությունների ձևավորումը, որոնք կնպաստեն ներառական միջավայրի ստեղծմանը։ Անդրադարձ կատարվեց նաև վերապատրաստումների պատշաճ կազմակերպմանը՝ ուսուցիչների ակտիվ ներգրավմամբ ու համագործակցությամբ, ուսուցիչների հետ համատեղ դասի պլանավորման արդյունավետ ձևաչափերի մշակմանը՝ ապահովելու բոլոր սովորողների մասնակցայնությունը դասագործընթացին։ ՀՄԿ տնօրենը խոսեց խելամիտ հարմարեցումների, ֆիզիկական միջավայրի մատչելիության բաղադրիչով տրամադրվող ռեսուրսների նպատակային օգտագործման կարևորության և դրանց շրջանում ուսուցիչներին տրվող ճիշտ խորհրդատվությունների անհրաժեշտության մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության կարգում փոփոխություններով պայմանավորված՝ դասագործընթացին աջակցության տրամադրման արդյունավետ մեխանիզմների ձևավորման, առարկայական ԱՈՒՊ-ների ճիշտ կազմման, աշխատանքների փաստաթղթավորման և վերապատրաստումների վերաբերյալ՝ այդ առումով շեշտելով դպրոց-ՏՄԱԿ-մենթոր համագործակցությունը: Այս համատեքստում նա ընդգծեց ՏՄԱԿ-ների հետ հանդիպումների, վերապատրաստումների իրականացման, ինչպես նաև հետադարձ կապի և ՏՄԱԿ-ների հետ համատեղ աշխատանքի հստակեցման անհրաժեշտությունը՝ արդյունավետություն ապահովելու նպատակով։
Մենթորներին ներկայացրեց ՀՄԿ նոր հրատարակությունները՝ կարևորելով աշխատանքային գիրք-տետրերի տարածումը դպրոցներում, ինչպես նաև աջակցությունը ուսուցիչներին՝ նպաստելու դրանց նպատակային կիրառությանը։ Ներկայացվեց նաև Ծրագրի շրջանակում մշակված և հրատարակված «Ներառող դասավանդում 3» ձեռնարկը՝ շեշտադրումներ անելով նրա գործնական ուղղվածության,թեմատիկ բազմազանության և կիրառական նշանակության վրա։ Դիտարկվեցին նաև ներառող դասավանդման հմտությունների ձևավորմանն ուղղված հաջորդ ձեռնարկի թեմաներին վերաբերող առաջարկությունները։
Քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, հստակեցվեց մենթորների համար նախատեսված առաջիկա վերապատրաստումների ժամանակացույցը։ Հանդիպումն ընթացավ աշխատանքային ջերմ մթնոլորտում։
23.10.2025

 
				 
				 
				 
				
