«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի կարևոր բաղադրիչներից է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ համագործակցությունը:
2024թ-ի փետրվար-մարտ ամիսներին ծրագրի մենթորները հերթական անգամ այցելեցին Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի ՏՄԱԿ-ներ և մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կազմակերպություններ՝ Հույսի կամուրջ /Տավուշ, «Ձեզ համար» ԲՀԿ /Արարատ, Մանկական զարգացման հիմնադրամ /Վայոց ձոր:
Հանդիպումների շրջանակում քննարկվել են մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացին վերաբերող տարբեր խնդիրներ։
Մասնավորապես կարևորվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին՝
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող սովորողների գնահատման գործընթացի առանձնահատկություններին, Անհատական ուսումնական պլանում /ԱՈւՊ/ կատարված փոփոխություններին և դրանց լրացման ընթացակարգերին,
- ✦ սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունների կարևորմանը,
- ✦ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությանը, ուսումնական գործընթացում նրանց սահուն ներառմանը,
- ✦ համատեղ վերապատրաստումների իրականացմանը,
- ✦ դպրոցներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված աշխատանքային գիրք-տետրերի գործածության կարևորմանը,
- ✦ խելամիտ հարմարեցումների վերաբերյալ դպրոցներին անհրաժեշտ խորհրդատվությունների տրամադրմանը,
- ✦ ներառական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով ՏՄԱԿ-ների մասնագետների և մենթորների գործառույթների փոխլրացմանը և մենթոր-ՏՄԱԿ արդյունավետ համագործակցությանը։
Քննարկվել են նաև առանձին դպրոցներում ի հայտ եկած տարբեր հիմնախնդիրներ, դրանց լուծման ուղիների վերաբերյալ կայացվել համատեղ որոշումներ․
- ✦ իրականացնել համատեղ վերապատրաստումներ ԱՈՒՊ-ի լրացման կարգի և սովորողների տարիքային հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ,
- ✦ ՏՄԱԿ-ների մասնագետների հետ իրականացնել համատեղ դասավանդումներ և դասերի դիտարկումներ,
- ✦ կազմակերպել հաջողության պատմությունների վերաբերյալ տեսանյութերի դիտում-քննարկումներ,
- ✦ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին աջակցելու, ուսումնական գործընթացում ներառելու նպատակով սերտորեն համագործակցել միմյանց հետ,
- ✦ մենթորական աջակցության հաջորդ փուլի մեկնարկին իրականացնել դպրոցների ընտրություն ըստ տվյալ մարզի աջակցության կարիք ունեցող դպրոցների՝ հաշվի առնելով ՏՄԱԿ-ների առաջարկությունները։
Հանդիպումների ընթացքում երկուստեք կարևորվել է փորձի փոխանակման, խնդրահարույց և լուծում պահանջող հարցերը համատեղ քննարկելու նպատակով ՏՄԱԿ-ների բազմամասնագիտական թիմերի և ծրագրի մենթորների հաճախակի հանդիպումների անհրաժեշտությունը։
Մարզերում հանդիպումներն ընթացել են ջերմ, համագործակցային մթնոլորտում
19.03.2024