Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը շարունակում է հյուրախաղերով հանդես գալ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում:
2024թ․ հունվարի 31-ին թատերախմբի պատանի դերասանները Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտներին ներկայացան «ՋՐԱՇՈւՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» բեմադրությամբ, որի բեմականացման հեղինակն է թատերախմբի ղեկավար, ռեժիսոր Մարինե Ասատրյանը:
Հանդիսատեսը թատերախմբի մասնակիցներին ընդունեց առանձնահատուկ ջերմությամբ ու ծափողջույններով: Երեխաներին գրավել էր պատանի դերասանների արհեստավարժ խաղը, բեմական կեցվածքն ու կատարողական արվեստի տիրապետման հմտությունը: Նրանց հուզել ու ոգևորել էր «Ջրաշուշանի ճամփորդությունը», որը չարի և բարու հավերժական պայքարի, դժվարություններից չընկրկելու, չհուսահատվելու և միշտ առաջ գնալու՝ փոքրիկ սերմիկների հաստատակամության մասին է:
Թատերախմբի ելույթն արժանացավ բարձր գնահատանքի աշակերտների և դպրոցի անձնակազմի կողմից: Հնչեցին շնորհակալության և շնորհավորանքի խոսքեր, ինչպես նաև թատերախմբին հաջորդ բեմականացումներով դպրոցում հյուրընկալելու պատրաստակամություն: Իսկ գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ թատերախմբի մասնակիցները գրքեր նվեր ստացան դպրոցի տնօրինության կողմից։
Օրը հետաքրքիր էր, հագեցած ջերմ տպավորություններով և ուրախ տրամադրությամբ:
Ի դեպ՝ «ՋՐԱՇՈւՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ներկայացումը իրականացվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (FAR) Fund for Armenian Relief, Inc համագործակցության շրջանակում` Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
01.02.2024