2024թ-ի փետրվարի 1-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ Կրթության տեսչական մարմնի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ներառական կրթական՝ ուսումնական և ֆիզիկական միջավայրերի գնահատման ձևաթղթերի լրամշակված տարբերակները, որոնք համատեղ քննարկվեցին:
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց ՀՀ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող գործընթացները՝ ուղղված կրթության ոլորտում ներառական կրթության բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը։
ՀՄԿ-ի կողմից ներկայացվեցին անհատական ուսուցման պլանի բովանդակությունը, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, միջավայրային ու խելամիտ հարմարեցումների առանձնահատկությունները:
Քննարկումները կառուցողական էին, հանդիպման ընթացքում ի մի բերվեցին աշխատանքային հարցերը և մշակվեցին համագործակցության ռազմավարական ուղիները:
02.02.2024