«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում 2024թ․ փետրվարի 7-ին տեղի ունեցավ «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» թեմայով միջոցառում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Բացման խոսքով ներկաներին ողջունեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մելինդա Վոյվոդը, ՆԳՆ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։
Բանախոսները կարևորեցին կրթության իրավունքը՝ որպես երեխայի զարգացման կարևորագույն երաշխիք, այդ իրավունքի իրացման համար անվտանգ, առանց բռնության միջավայրի ստեղծումը, ինչպես նաև հասարակության մեջ դրական ծնողավարման ներդրման անհրաժեշտությունը ամրագրված նպատակներին հասնելու համար։
Ա․ Սվաջյանն իր խոսքում ներկայացրեց առկա խնդիրները, անդրադարձավ պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառներին, կարևորեց համայնքների դերը կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և ուսումնական հաստատություններ ուղղորդելու գործում: Նա նշեց, որ խնդիրները բազմաշերտ են և դրանց պետք է համալիր մոտեցում ցուցաբերել՝ համապատասխան մեխանիզմների մշակման և գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Վորլդ Վիժն Հայաստան-ի, Մանկական զարգացման հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ հրատարակված «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուսումնական հաստատությունների անձնակազմի համար ուղեցույցի շնորհանդեսը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանգամանալիորեն ներկայացրեց ուղեցույցը՝ կարևորելով նրա դերը ուսումնական հաստատությունների մասնագետների կողմից երեխաների հանդեպ բռնության ճանաչման, երեխաների պաշտպանության համակարգի մասին պատկերացումների ձևավորման, ինչպես նաև բռնության դրսևորումները հայտնաբերելու, դրանց արձագանքելու և կանխարգելելու ուղղությամբ։
Ուղեցույցը տպագիր տարբերակով տրամադրվելու է բոլոր դպրոցներին և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին։ Այն էլեկտրոնային տարբերակով հասանելի է նաև ՀՄԿ կայքում` https://bit.ly/484SUjH:
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ պանելային քննարկում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված պետական գերատեսչությունների և պատասխանատու կառույցների գործառույթների վերաբերյալ։ Խոսնակները կարևորեցին համագործակցության ձևաչափը՝ հնարավոր խնդիրները կանխարգելելու և առկա իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ։
© Լուսանկարները՝«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS)
07.02.2024