Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան -ի հետ համագործակցության շրջանակներում 2024թ-ի փետրվարի 14-28-ը իրականացվեցին վերապատրաստողների վերապատրաստումներ (TOT) «ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ։ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» թեմայով։
Դասընթացներին մասնակցեցին ՀՀ 12 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների շուրջ 244 մասնագետներ:
Դասընթացի նպատակն է ՏՄԱԿ-ների մասնագետներին փոխանցել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական որակների զարգացմանը, սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը, սեփական գործունեության և, առհասարակ, ներառական կրթության նկատմամբ վերաբերմունքի, համոզմունքների ու նորմերի վերարժևորմանը՝ աջակցելով յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։
Դասընթացը հնարավորություն է ընձեռում մանկավարժներին զարգացնել իրենց կարողությունները տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում՝ դառնալով մշակութային առումով գիտակ մասնագետներ, ովքեր կիրառում են ներառական պրակտիկա, համագործակցում բնակչության տարբեր շերտերի հետ և իրականացնում միջանձնային հաղորդակցության վրա հիմնված գործունեություն իրենց կրթական ու սոցիալական համայնքներում։
Առանձնակի շեշտադրվեցին ուսումնական հաստատությունները որպես ինստիտուցիոնալ իշխանություն դիտարկելու, ներառական կրթության իրականացման գործընթացում հաստատության տնօրենի կարևորությունն ընդգծելու գործոնները։
Մասնակիցները ծանոթացան ուսումնառության ընթացքում խմբերում բազմազան մշակույթ կրող անձանց հետ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ռազմավարություններին ու մոտեցումներին։
Դասընթացներն իրականացվեցին համագործակցային մեթոդներով՝ ուղեկցվելով ակտիվ քննարկումներով և ապահովելով կառուցողական, վստահելի, փոխըմբռնման վրա հենված միջավայր, ինչպես փաստում էին վերապատրաստվող մասնագետները յուրաքանչյուր դասընթացի ավարտին։
01.03.2024