Փետրվարի 22-23-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ և ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» թեմայով։
Դասընթացավարներն էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության վերապատրատող մասնագետներ Լուսինե Հակոբյանը և Ռուզաննա Մուրադյանը։
Վերապատրաստումներին մասնակցում էին Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերապատրաստող մասնագետները, ովքեր շարունակելու են գործընթացը՝ համապատասխանաբար վերապատրաստումներ իրականացնելով դպրոցների համակազմի համար։
Դասընթացն ուղղված է կրթության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, երեխաների հանդեպ բռնության, երեխաների պաշտպանության համակարգի և ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Այն ընդգրկում է երեխաների պաշտպանության ամբողջական համակարգի կառուցման 5 մոդուլ, որոնց նպատակն է մասնագետների իրազեկության բարձրացումը երեխաների նկատմամբ բռնության ճանաչման, ՀՀ օրենսդրական կարգավորումների, անվտանգ և պաշտպանված զարգացնող միջավայրի ստեղծման, բռնության դեպքերին արձագանքման, համապատասխան հոգեբանական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունների ուղղությամբ։
Վերապատրաստման մասնակիցները իրենց մասնագիտական հմտությունները համալրեցին՝ իրազեկվելով երեխաների պաշտպանության մոտեցումների, երեխաների պաշտպանության հետ կապված Հայաստանում գործող իրավական դաշտի և ծառայություններ մատուցողների, ըստ ֆիզիկական և վարքային նշանների բռնությունը բացահայտելու, բռնության խնդիրներին արձագանքելիս երեխաների պաշտպանության սկզբունքները կիրառելու կարողությունների վերաբերյալ։
Հարկ է նշել՝ «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման մոդուլը մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) կրթական ծրագրի շրջանակում։
23.02.2024