Գիրք նվիրելու օրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում թերևս ամենահետաքրքիր օրերից է։ Ավանդական դարձած միջոցառումներն այս անգամ մի փոքր այլ կերպ ամփոփեցին տոնի խորհուրդը։
Գրքի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա խորհրդանշական համարեց բովանդակային նյութերի ներկայացումը ՏՄԱԿ-ների ներկայացուցիչների կողմից հենց գրքի տոնին։
ՏՄԱԿ-ների մեր գործընկերները ներկայացրեցին իրենց Կենտրոնների կողմից ստեղծված բովանդակային աշխատանքները, մշակված մեթոդական նյութերը, ուղեցույցները, խաղ-վարժանքները: Դրանք հետաքրքիր էին, բազմաբովանդակ, գունեղ և, անշուշտ, կարող են օգտակար ուսումնամեթոդական նյութ հանդիսանալ տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում։ Նախատեսվում է առաջիկայում ստեղծել համացանցային հարթակ, որտեղ կտեղադրվեն այդ նյութերը և հասանելի կլինեն բոլորին:
Հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումները շարունակվեցին նաև օրվա երկրորդ կեսին։ ՀՄԿ աշխատակիցները միմյանց նվիրեցին գրքեր՝ ներկայացնելով գրքի բովանդակային առանցքը և հիմնական գաղափարը։ Այնուհետև ներկայացվեցին ՀՄԿ մասնագետների ստեղծած խաղ-վարժանքները, որոնք ուղղված են լինելու կրթության գործընթացում համագործակցության և թիմակառուցման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը։ Վստահ ենք, որ խաղերը հավասարապես հետաքրքիր են լինելու թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար։ Դրա վառ ապացույցն էր մեր թիմի ոգևորվածությունն ու ներգրավվածությունը խաղ-վարժանքների իրականացման ընթացքին։
Միջոցառման ավարտին Կենտրոնի աշխատակիցները «գրեցին» սեփական գիրքը, որը կազմված էր նվեր-գրքերի խորագրերով:
Գրքի տոնը ևս մեկ առիթ էր շփվելու անմիջական, ջերմ ու դրական տրամադրություններով հագեցած մթնոլորտում:
19.02.2024