2024թ․ փետրվարի 7-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկեց ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ, որոնք ուղղված են նպաստելու դրական ծնողավարության մասին գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը, դրական ծնողավարման փորձի փոխանակմանը, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը։ Այն հնարավորություն կընձեռի նաև օգնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները։
Կարևոր է համատեղ արդյունավետ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը դպրոցներում բռնության դեպքերը նվազեցնելու և կրթության ոլորտում հաջողություններ արձանագրելու գործում։
Դասընթացը վարում էին ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը և հոգեբան Աննա Հովհաննիսյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց դասընթացների նախաձեռնությունը։ Նա բարձր գնահատեց ծնողական համայնքի դերը համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված գործողությունների համապատկերում՝ ընդգծելով ծնողների հետ համագործակցության կարևորությունը գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար:
Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ խաղի մեթոդով։ Ստեղծված անմիջական մթնոլորտում մասնակիցները խոսեցին.
- ✦ երեխաների զարգացման տարիքային առանձնահատկություններով պայմանավորված դժվարությունների հաղթահարման,
- ✦ նրանց հոգեբանական անվտանգության ապահովման,
- ✦ դրական ծնողավարության ձևերի,
- ✦ երեխաների հոգեկան առողջության վրա ծնողների միջանձնային հարաբերությունների ազդեցության կարևորության,
- ✦ ծնողների հոգեկան բարեկեցության և նրանց հետաքրքրող այլ հարցերի մասին։
Հիշեցնենք, որ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ տեղի կունենան ամիսը երկու անգամ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում։
12.02.2024