«Տարեք երեխային թատրոն, կամ թատրոնը բերեք նրա մոտ այսօր»
ՄԱՐՏԻ 20-ը ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է․
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ավանդույթ է դարձել այս օրը նշել յուրովի՝ ևս մեկ անգամ բացահայտելով թատրոնի ներուժը և ներառման հնարավորությունները։
2024թ․ մարտի 20-ին ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը հանդես եկավ «ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆ» բեմադրությամբ, որին ներգրավվել էին նաև Կենտրոնի աշխատակից-«դերասանները»։ Հովհաննես Թումանյանի «Արև և Լուսին» և Մայքլ Գրեյնեցի «Ինչ համ ունի լուսինը» հեքիաթների հիման վրա ստեղծված «ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆԸ» երկու տարբեր աշխարհների, մշակույթների ու մտածողությունների հետաքրքիր համադրություն է թատերական մի ստեղծագործության մեջ, որտեղ միախառնվում են հեքիաթի և իրականության եզերքները, և երազանքը դառնում է հասանելի։ Ներկայացման բեմադրության ու բեմականացման հեղինակն է թատերախմբի ղեկավար, ռեժիսոր Մարինե Ասատրյանը։
Ներկայացումը սկսված է․ հերոսները հանդիսատեսին տեղափոխեցին թատրոնի իրականություն։ Ստեղծագործականության և հեքիաթասացության զարմանահրաշ աշխարհում նրանք միասին հաղթահարեցին անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհը, բացահայտեցին համագործակցելու ուժը, և այդպես միասին վեր բարձրանալով՝ կարողացան հասնել Լուսնին և «համտեսել» այն, ապա ականատես եղան Արևի ու Լուսնի հանդիպմանը։
«ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆԸ» հետաքրքիր կերպով համադրում է թատերական արվեստի տարբեր ձևերը՝ դրաման, տիկնիկային և ստվերային ներկայացումները, և այդ համադրությունը փոխակերպումների հաջորդականության մեջ ավելի էր ընդգծում տպավորությունների արտահայտչականությունը։
Ավանդույթի համաձայն՝ հնչեց Մանկապատանեկան թատրոնի համաշխարհային օրվան նվիրված ուղերձը, որն այս անգամ ընթերցեց հանդիսատեսը։ Այն երեխայի և թատրոնի հանդիպման, այդ հանդիպման կարևորության և անհրաժեշտության մասին է։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց թատրոնի ներուժն ու դերը յուրաքանչյուր մարդու կյանքում և յուրաքանչյուր երեխայի հնարավորությունների բացահայտման գործում, ընդգծեց մանկապատանեկան թատրոնի գործունեության կարևորությունը, որի միջոցով խրախուսվում է պատանեկան երևակայությունը՝ դարձնելով նրանց ճկուն ու վստահ սեփական անձի և այլոց նկատմամբ։ Ներկայացման ավարտին նա պատվոգրեր հանձնեց «ՄԻԱՍԻՆ» թատերախմբին և դերասաններին: Հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր։
Փոքրերի և մեծերի հրաշալի համագործակցությունը, դերասանական արվեստին տիրապետելու նրանց անմիջականությունն ու անկաշկանդ խաղը արժանացան հանդիսատեսի հիացմունքին ու բարձր գնահատականին։ Ոգևորությունը մեծ էր, ընդունելությունը՝ ջերմ ու անմիջական։ Բոլորն ակամա դարձել էին թատրոնի մի մասը։ Ներկայացման առաջնախաղը, վստահ, հաջողված էր։
25.03.2024