Հայաստանում ներառական միջավայրի ապահովման հիմնահարցերին էր նվիրված դեկտեմբերի 9-10-ը Դիլիջանում տեղի ունեցած «Համընդհանուր դիզայն՝ զարգացման նոր փուլ» համաժողովը, որին որպես շահագրգիռ կողմ մասնակցում էր նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ վարչապետի խորհրդական Սուրեն Մաղաքյանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն էր Հայաստանում մատչելի և ներառական միջավայրի ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունները քննարկել շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ և նախագծել մասնակցային լուծումներ համապատասխան առաջարկությունների հիման վրա։ Համաժողովին ներկա էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզպետարանների ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև կրթական հասարակական կազմակերպությունների, կրթական գործունեություն իրականացնող այլ կառույցների պատասխանատուներ, բուհերի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների դասախոսներ, ուսանողներ, հաշմանդամություն ունեցող անձինք։
Աշխատաժողովի պանելային քննարկմանը ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանդես եկավ «Ի՞նչ հաջողություններ և մարտահրավերներ կան նախադպրոցական և դպրոցական համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին» թեմայով։ Նա հանգամանալիորեն ներկայացրեց համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում ունեցած ձեռքբերումները, խոսեց այս ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների մասին։ Իր խոսքում նա անդրադարձավ նաև ի հայտ եկած մարտահրավերներին, ներկայացրեց առաջարկություններ դրանց դիմակայելու և խնդիրներին արդյունավետ լուծումների ուղղությամբ։ Խոսնակներն անդրադարձան ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին և ծրագրերին, մատչելի և ներառական միջավայրի ապահովման ուղղությամբ տարբեր բնագավառներում կատարված և նախատեսվող աշխատանքներին։
Համաժողովն իրականացվում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ ﬕջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում։
16.12.2023