2023թ․ հոկտեմբերի 19-20-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ երկօրյա վերապատրաստման դասընթաց «Տրավմաների մասին տեղեկացվածությամբ աշխատանք սովորողների հետ» խորագրով, որին մասնակցում էին ուսուցիչներ հանրապետության տարբեր դպրոցներից։
Դասընթացը նախաձեռնել էր «Կորրիդորս՝ երկխոսություն համագործակցության միջոցով» Corridors հասարակական կազմակերպությունը «Հենրիխ Բյոլլ» հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն միտված էր մարդկանց կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում՝ հոգեկան առողջության վրա զգայական փորձառությունների ազդեցությունները կանխարգելելու ուղղությամբ մանկավարժների աշխատանքի արդյունավետության և մասնագիտական որակների բարձրացմանը։
Դասընթացավարներն էին «Կորրիդորս՝ երկխոսություն համագործակցության միջոցով» ՀԿ-ի ներկայացուցիչներ Պաատա Ալավերդաշվիլին և Անի Ենգիբարյանը։
Դասընթացի առանցքային թեմաներն էին․
- ✦ Ի՞նչ է տրավման, և ինչպե՞ս ճանաչել այն դպրոցականների մոտ
- ✦ Անհատական, միջսերնդային, կոլեկտիվ և սոցիալական տրավմայի տարբերակումներն ու բնութագրերը
- ✦ Ի՞նչ է վիկտիմիզացիան (զոհի կարգավիճակ), և որո՞նք են վիկտիմիզացիայի փուլերը
- ✦ Որո՞նք են տրավմայի բացահայտման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները
- ✦ Ի՞նչ է հետտրավմատիկ աճը
- ✦ Ինչպե՞ս խուսափել «տրավմա» հասկացության չարաշահումից և արժեզրկումից։
Բանախոսները դիտարկեցին հոգեբանական տրավմատիկ իրավիճակներին՝ մասնավորապես երեխաների և նրանց նյարդահոգեբանական զարգացման խնդիրներին ժամանակին և ճիշտ արձագանքելու կարևորությունը՝ պայմանավորված հատկապես Հարավային Կովկասում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով։
06.11.2023