2023թ․ նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ամփոփում և հաշվետվության ներկայացում։
Ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Ելույթներով հանդես եկան նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, ծրագրի փորձագետ Լուսինե Բաբայանը։
Բանախոսները հանգամանալիորեն ներկայացրեցին ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-Ի և ՀՄԿ-ի համագործակցության հիմնական ուղղությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց՝
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին,
- ✦ մանկավարժահոգեբանական ծառայությունների կատարելագործմանը՝ ԿԱՊԿ գնահատման նոր գործիքակազմին և անհատական ուսուցման պլանավորման նոր մոտեցումներին, այդ թվում՝ ԱՈՒՊ և ԱՈՒԶՊ նոր ձևաչափի մշակմանն ու պիլոտային փորձարկմանը,
- ✦ 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակմանը,
- ✦ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ընթացակարգերին, ձևաթղթերին, մեթոդական և մասնագիտական ուղեցույցների մշակմանը, համապատասխան հետազոտությունների անցկացմանը,
- ✦ նեղ մասնագիտական գործիքակազմի (ներառյալ՝ ժեստերի լեզվի դասավանդման մեթոդաբանության) մշակմանը և ՏՄԱԿ-ների համար դասընթացների կազմակերպմանը,
- ✦ վերապատրաստման մոդուլների և մեթոդաբանական ուղեցույցների մշակմանը, դասընթացների կազմակերպմանը ուսուցիչների, ծնողների և ՏՄԱԿ-ների մասնագետների համար։
Քննարկմանը ներկայացվեց նաև առաջիկա համագործակցության և 2024-2025թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը։
Հանդիպմանը ներկա էին ՀՄԿ մասնագետներ, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, ովքեր ներկայացրեցին մասնագիտական փորձից և իրավիճակից բխող իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։
08.11.2023