Վարագույրը բացվեց․․․
Հանդիպումը սկսվել էր․ Մարինեն շյուղերով հյուսում էր։ Նա շարունակում էր հյուսել անավարտ մնացած հեքիաթը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հերթական, բայց ոչ ավանդական հանդիպումն էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ։ Մասնակիցները խաղ-վարժանքին ներկայացել էին թերևս այլ ակնկալիքներով՝ գուցե ակադեմիական դասախոսության կամ հերթական քննարկմա՞ն․․․
ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ղեկավար, բեմադրող-ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը «ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ» խաղ-վարժանքով բացեց Թատրոնի վարագույրը։ Ճամփորդությունը դեպի մանկության աշխարհ սկսվեց անավարտ մնացած հեքիաթով՝ կամրջելով անգիտակցականը գիտակցականի հետ «ես»-երի ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման բարդ ու հետաքրքիր ճանապարհին։
Մասնակիցները դեպի թատրոն ճանապարհն անցան փուլ առ փուլ՝ յուրաքանչյուր կանգառում բացահայտելով այդ փուլի խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիներն ու եղանակները։ Վերադառնալով դեպի իրենց մանկություն՝ բեմախաղի միջոցով փորձեցին հասկանալ ու բացահայտել իրենց մեջ թաքնված երեխային։ Ինչպես նշեց Մարինեն՝ «Կարևոր է երեխայի մեջ արթնացնել սեփական հեքիաթը, յուրաքանչյուրի հետ խոսել իր հեքիաթի լեզվով, և չվախենալ սխալվելուց։ Երեխաների աշխարհում չկան խնդիրներ, իսկ թատրոնում՝ դերի մեջ, նրանք մոռանում են այդ խնդիրներն ու տարբերությունները, և շատ դեպքերում դրանք մնում են մի ուրիշ իրականության մեջ։ Բեմն օգնում է ինքնադրսևորվել, հանդիպել այն «ես»-ին, որի գոյության մասին, հնարավոր է, նույնիսկ չգիտենք»։
Իսկ վերջին կանգառում մեր խորհրդավոր ճամփորդները հանդիպեցին համատեղ հեքիաթում։ Նրանք, որ սկզբում թվում էր՝ կաշկանդված էին ու անհամարձակ, թատրոնի օգնությամբ շատ արագ ինքնակազմակերպվեցին․ ինքնադրսևորվեցին՝ որպես սցենարիստ, ռեժիսոր և դերասան՝ բացահայտելով իրենց ստեղծագործական ներուժը և հնարավորությունները։ Եվ որքան էլ բարդ է թվում նոր միջավայրում առաջին անգամ հանդես գալը և իրավիճակին համապատասխան կերպարի մեջ մտնելը, դա նրանց հաջողվեց համագործակցելու և միասին խնդիրներին լուծում տալու միջոցով։
Հանդիպման ընթացքում ուսուցիչները համալրեցին աշակերտների հետ աշխատելու իրենց ռեսուրսներն ու հմտությունները՝ օգնելու սովորողներին հաղթահարել դժվարությունները, ազատվել բարդույթներից և հասնել հաջողությունների, ինչու չէ՝ բեմադրել ներկայացում երեխաների մասնակցությամբ, որտեղ կարևոր է յուրաքանչյուր դետալ և յուրաքանչյուրի մասնակցությունը։
03.11.2023