ԱՅՍՕՐ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՀՄԿ-ՈՒՄ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել էր «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով կլոր սեղան քննարկում:
Քննարկման նպատակը հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի կիրառման հիմնահարցերի վերհանումը և դրանց ազդեցությունն էր ուսուցչի աշխատանքի ու սովորողի ուսումնական գործընթացում ներգրավվածության վրա:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի, ՀՊՄՀ-ի, «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի», ՏՄԱԿ-ների, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՄԿ կողմից 2021-ի ընթացքում մշակված և հրատարակված ուսումնաօժանդակ նյութերը և ձեռնարկները:
Բացման խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը, ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ա.Պողոսյանը:
Ժ. Անդրեասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ներկայացված նյութերը սպասված էին, պարզաբանեց ուսուցչի օգնականի գործառույթները համընդհանուր ներառման ժամանակ, խոսեց տպագրված ձեռնարկների/ուսումնական նյութերի նշանակության, օգնության կարևորության մասին, հատկապես, հեռավար կրթության ժամանակ: Տիկին Անդրեասյանը կարևորեց նաև, որ փորձարկված ծրագրերը շարունակական են լինելու:
ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը խոսեց ուսուցչի աշխատանքի արդյունավետությանը նպաստող ուսումնաօժանդակ նյութերի անհրաժեշտության ու կարևորության մասին՝ շեշտադրելով նաև արդյունավետ համագործակցությունը տարբեր կառույցների և գործընկերների հետ:
Օրակարգի մյուս թեմաներն էին՝
- ✦ «Ուսումնական նյութերի դերը ուսուցիչների վերապատրաստումների գործընթացում» խոսնակ՝ Ա. Թորոսյան, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար:
- ✦ «Ինչպես և ինչ գիտելիքներով զինել աջակցող թիմին՝ ուսումնական նյութեր, մեթոդական ձեռնարկներ». խոսնակ՝ Մ. Հարությունյան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան:
- ✦ «ՈՒսումնակաօժանդակ նյութերի առավելությունները որպես աջակցություն ուսուցչին և սովորողին» խոսնակ՝ Ա. Խոսրովյան, Երևանի թիվ 20 դպրոցի տնօրեն:
- ✦ «Դասագրքի օգտագործման ուսուցչի ուղեցույց և այլ ուսումնական նյութեր» խոսնակ՝ Գ. Գասպարյան, Դասագրքերի շրջանառու հիմնադրամ:
Հանդիպումն ուղեկցվեց գործընթացի և ներկայացված ուսումնաօժանդակ ձեռնարկների ներառական կրթության ոլորտում արդյունավետ ազդեցության շուրջ քննարկումներով և բարեմաղթանքներով։