2023թ․ փետրվարի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, սուրդոմանկավարժ Շ․Դումիկյանն իրականացրեց վերապատրաստման դասընթաց «Հնչյունային ռիթմիկայի կիրառման արդյունավետությունը՝ ուղղված լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի ձևավորման և շտկման գործընթացին» թեմայով։
Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններն իրականացնող “Հույսի կամուրջ” ՀԿ Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի մասնաճյուղերի մասնագետները։
Դասընթացի նպատակն էր մասնագետներին իրազեկել լսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման գործընթացում կիրառվող հնչյունային ռիթմիկայի համակարգին, շարժումներին, դրանց կիրառման ձևերին ու աշխատանքային մեթոդների սկզբունքներին:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան ուսումնասիրել`
- ✦ հնչյունային ռիթմիկայի արդյունավետությունը անհատական և խմբային պարապմունքների ընթացում` որպես երեխայի ընդհանուր զարգացման միջոց,
- ✦ շնչառական վարժությունների դերը խոսքային շնչառության ձևավորման ընթացքում,
- ✦ ձայնի որակիչները և դրա շուրջ իրականացվող աշխատանքի մեթոդները,
- ✦ անհատական և խմբային պարապմունքների ընթացքում հնչյունային ռիթմիկայի շարժումների յուրացումը սովորողների կողմից,
- ✦ վանկի, բառի, նախադասության շուրջ աշխատանքը հնչյունային ռիթմիկայի սկզբունքներով:
Վերապատրաստման ընթացքում կիրառվել են տարաբնույթ գործնական աշխատանքներ, վարժություններ և խաղեր, որոնք նպաստում են նոր հաղորդվող գիտելիքների յուրացմանը և ամրապնդմանը: