Գրքի տոնն ու Մայրենիի միջազգային օրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում արժևորվեցին յուրովի․ ՀՄԿ-ն կրթության ոլորտին նվիրեց 13 ձեռնարկ, որոնք մշակվել էին կենտրոնի մասնագետների կողմից 2022թ-ի ընթացքում։
Փետրվարի 21-ին կենտրոնում տեղի ունեցավ «Գրքի տոն ՀՄԿ-ում» միջոցառումը։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵֆ-ի հայաստանյան գրասենյակի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայ օգնության ֆոնդի, Հայկական Կարիտաս ՀԿ֊ի, «Լուսէ» հիմնադրամի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ձեռնարկների հեղինակները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանը, ով կարևորեց նոր հրատարակությունների նպատակը՝ որակական փոփոխություններ կրթության ոլորտում։ Նոր հրատարակված գրքերի շնորհանդեսը նաև առիթ էր՝ ի մի բերելու կենտրոնի կողմից հրապարակված նյութերն ու ձեռնարկները, ՀՄԿ կայքի «Առցանց գրադարանի» ֆոնդը, որն ամփոփ թվերով ներկայացրեց Հ․Ադամյանը։
Շնորհավորելով բոլորին Գրքի տոնի և նոր ուղեցույցների ու ձեռնարկների հրատարակման առիթով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը կարևորեց համագործակցությունը ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հեղինակների ու մյուս գործընկերների հետ: Նա ընդգծեց այդ համագործակցության ավելի լայն շրջանակի ակնկալիքը և կրթության «մարտահրավերային»՝ բարեփոխումների ժամանակաշրջանում համակարգված, փոխկապակցված աշխատանքը՝ ավելի որակյալ կրթության հեռանկարով։
Այնուհետև «Միասին» թատերախմբի մասնակից Մոնիկա Մելիքսեթյանը ներկաների համար «թերթեց» Խոսե Խորխե և Անդրե Լետրիաների համատեղ «Եթե ես գիրք լինեի» ինտերակտիվ գիրքը՝ բացահայտելով «գրքերի աշխարհը մեր աշխարհում»։
Հեղինակները ներկայացրին ձեռնարկներն ու գիրք-տետրերը՝ ընդգծելով դրանց բովանդակային, մեթոդական, և կիրառական առանձնահատկություները։
Միջոցառման մասնակիցները առիթ ունեցան նաև դիտելու տեսահոլովակ, որտեղ երեխաները խոսեցին նոր հրատարակությունների մասին իրենց բնորոշ անմիջականությամբ և անկեղծությամբ։
Ձեռնարկների հեղինակները և հյուրերը ստացան նոր հրատարակված գրքերի փաթեթներ՝ զարդարված կենտրոնի կավագործության սենյակի սաների ձեռագործ կավե «գրքերով»։
Միջոցառումն ամփոփվեց անակնկալով՝ այլընտրանքային գրքերի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նաև կենտրոնի մասնագետների կողմից պատրաստված հետաքրքիր նմուշներ։