Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել 0-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ սահմանելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանը։
Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) գնահատումը (այսուհետ՝ Գնահատում), որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝
- երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ.
- սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը.
- մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետ՝ ՄՀ ծառայություն) մակարդակը, ծավալները և տևողությունը:
Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`
- Նախադպրոցական մակարդակի Գնահատում` նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ) կողմից (առկայության դեպքում).
- Տարածքային մակարդակի Գնահատում` Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (այսուհետ` ՏՄԱԿ) մասնագետների կողմից.
- Հանրապետական մակարդակի Գնահատում` բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ` ՀՄԿ) մասնագետների կողմից:
Նախադպրոցական մակարդակում
- ✦ ՄՀ ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո` Կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում և իրականացվում է ՆՈՒՀ-ի մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար.
- ✦ մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` ՆՈՒՀ-ի և ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի կողմից և հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից.
- ✦ մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները` աջակցելով երեխային, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում:
Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես ԿԶԱՊԿ ունեցող: ՏՄԱԿ-ում ՄՀ ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության, ծավալի և երեխայի ԱՈՒԶՊ-ում նշված ժամանակացույցի:
Հանրապետական մակարդակում ՄՀ ծառայությունները տրամադրվում են ՀՄԿ-ի կողմից ՏՄԱԿ-ներին, ՆՈՒՀ-երին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, ԿԶԱՊԿ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին: ՀՄԿ-ն ապահովում է ԿԶԱՊԿ-ի գնահատման ու ՄՀ ծառայությունների տրամադրման միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով և մշտադիտարկելով ՏՄԱԿ-ների աշխատանքը, ինչպես նաև ստեղծում է ԿԶԱՊԿ ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ։
ՄՀ ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի Նախադպրոցական և/կամ Տարածքային մակարդակների Գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ն, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):
0-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ՝ ընդհանուր դրույթների, գործընթացի կազմակերպման և օրինակելի ձևերին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը ↓↓↓