2026թ․ ապրիլին մեկնարկել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՎԱՐՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացների շարքը։
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցական միջավայրում հոգեբանական անվտանգ, աջակցող և կանխատեսելի կրթական միջավայրի ձևավորմանը՝ մասնագետների մոտ զարգացնելով գիտահեն, համակարգային և զգայուն մոտեցումներ։
Դասընթացավարն է ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, վարքային թերապիստ Մարինե Բաբայանը։
Վերապատրաստումներին մասնակցել են Երևանի թիվ 2, թիվ 3 և թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի հոգեբանները և աջակցող մասնագետները։
Դասընթացների ընթացքում քննարկվել են դպրոցական միջավայրում դրսևորվող խնդրահարույց վարքի տեսակները, դրանց առաջացման հնարավոր պատճառները, վարքի գնահատման գործիքներն ու արդյունավետ միջամտության մեթոդները։ Դիտարկվել են կիրառական վարքային վերլուծության (ԿՎՎ) հիմնական սկզբունքները՝ ներառյալ վարքի գործառույթների ճանաչումը, կանխարգելիչ և արձագանքող միջամտությունների կիրառումը, ինչպես նաև դպրոցական միջավայրում վարքի արդյունավետ կառավարման ռազմավարությունները։
Մասնագետներն իրազեկվել են հետևյալ առանցքային թեմաների շուրջ՝
- ✦ վարքի գնահատման և վերլուծության հիմնական մոտեցումներ,
- ✦ վարքի գործառույթների ճանաչում և ըմբռնում,
- ✦ վարքի դիտարկման և տվյալների հավաքագրման գործիքներ,
- ✦ դրական վարքի խթանման արդյունավետ ռազմավարություններ,
- ✦ անհատական վարքային միջամտության պլանների մշակում։
Դասընթացներն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով և գործնական աշխատանքներով՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։
18.05.2026

