ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը, որն իրականացվում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Ծրագրի գործընկերներից է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, որի ներկայացուցիչն է ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել ուսումնամեթոդական և գործնական դասընթացներ Երևանի և ՀՀ մարզերի արվեստի և երաժշտական 35 դպրոցների 350 մանկավարժների համար։ Այն միտված է արվեստի և երաժշտության դպրոցների մանկավարժների տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատելու հմտությունների յուրացմանն ու կատարելագործմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գեղարվեստական կրթության իրավունքի իրացման, նրանց գեղարվեստական ունակությունների բացահայտման, ինչպես նաև հավասար հնարավորությունների միջավայրի ապահովմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են ուսումնամեթոդական, գործնական աջակցություն և դասալսումներ Հայաստանի և արտերկրի առաջնակարգ մասնագետների կողմից։