Այսօր` հոկտեմբերի 20-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության կազմակերպման հիմնահարցեր» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ՏՄԱԿ-ների և հանրակրթական դպրոցների, լսողության խանգարում ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների և Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու աշխատակիցներ, լսողության խանգարում ունեցող երեխաների ծնողներ և չլսող անձինք։
Բացման խոսքով հանդես եկան ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը։
2022թ-ի ապրիլ ամսվանից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգի հզորացում» ծրագիրը։ Ծրագիրն ունի երկու բաղադրիչ, որոնցից մեկն ուղղված է Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման փորձնական ծրագրին, որի շրջանակում իրականացվել են մի շարք հետազոտություններ․
- ✦ լսողության խանգարում ունեցող երեխաների տվյալների վերլուծություն՝ ըստ ԿԳՄՍՆ, ԱՍՀՆ և ԱՆ տվյալների բազաների,
- ✦ լսողության խանգարմամբ պայմանավորված ԿԱՊԿ ունեցող սովորողների կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների քարտեզագրում,
- ✦ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում լսողության խանգարումով պայմանավորված ԿԱՊԿ ունեցող սովորողների կրթական գործընթացում հանդիպող դժվարությունների հայտնաբերման հետազոտություն,
- ✦ հայերեն ժեստերի լեզվի հետազոտության արդյունքների վերլուծություն։
Աշխատաժողովի ընթացքում Տիկին Սվաջյանը ներկայացրեց Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում լսողության խանգարումով պայմանավորված ԿԱՊԿ ունեցող սովորողների քարտեզագրման և նրանց ուսուցման գործընթացում հանդիպող դժվարությունների վերաբերյալ հետազոտության վերլուծությունը։
Հայերեն ժեստերի լեզվի հետազոտության արդյունքների վերլուծությանն անդրադարձավ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը։
ՀՄԿ տնօրենը, ամփոփելով աշխատաժողովի աշխատանքը, հավելեց, որ ստացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա կվերջնականացվեն հետազոտության հաշվետվությունները, որն էլ հիմք կհանդիսանա անհրաժեշտ գործիքակազմերի և ընթացակարգերի հետագա մշակման համար։