«Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 10-14-ը աշխատանքային այցով Ֆինլանդիայում էր ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը։ Այցելության նպատակն էր գործնականում ծանոթանալ ներառական կրթության կազմակերպման և իրականացման ֆիննական փորձին, կրթության ոլորտում իրականացվող ռազմավարական քայլերին ու քաղաքականությանը։
Աշխատանքային խմբում ներգրավված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․Սվաջյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լ․Մնացականյանը, ՀՊՄՀ պրոռեկտոր Մ․Հարությունյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Ա․Թորոսյանը, ԿԳՄՍ նախարարության, ՀՊՄՀ, Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Աշխատանքային խումբը հյուրընկալվել է Ֆինլանդիայի կրթության նախարարությունում։ Կրթության նախարարի տեղակալ Միքայելա Նիլանդերի հետ հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Սվաջյանը ֆինն գործընկերներին է ներկայացրել Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման և իրականացման գործընթացներն ու զարգացման հեռանկարները։
Այցելելով Ֆինլանդիայի տարբեր տարածաշրջանների դպրոցներ՝ աշխատանքային խմբի անդամները հանդիպել են կրթական ծրագրերի ղեկավարների, տնօրենների և մանկավարժական աշխատողների հետ, ծանոթացել կրթության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմնական ռազմավարություններին, ինչպես նաև յուրաքանչյուր դպրոցի ներառական կրթության կազմակերպման առանձնահատկություններին։ Հնարավորություն է ստեղծվել գործնականում ուսումնասիրելու դասապրոցեսի կազմակերպումն ու իրականացումը այն դասարաններում, որոնցում ընդգրկված են տարբեր կարողություններ և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ։