Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվել և համակարգվել են մի շարք գործընթացներ։
Այս օրերին ՀՄԿ-ն ակտիվ կապի մեջ է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, դպրոցների տնօրենների, մանկավարժական ու հոգեբանական ծառայություններ իրականացնող տարբեր գործընկերների հետ՝ իրականացվող աշխատանքները թիրախային և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
ՀՀ Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ-ներ) կողմից հոգեբանական առաջնային աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 374 երեխաների և նրանց ընտանիքներին։
ՏՄԱԿ-ներն ակտիվ համագործակցում են դպրոցների հետ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում դպրոցներում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում։
Կրթության շարունակականությունը ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարարաններում կազմակերպելու նպատակով Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվում է սովորողների գնահատում և տրվում եզրակացություն։
Կենտրոնը նախաձեռնել է նաև համալիր միջոցառումների ծրագիր, որը ներառում է մասնագետների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական խորհրդատվություններ, շարունակական աջակցության կազմակերպմանն ուղղված այլ գործընթացներ․
«Օգնենք օգնողներին» վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա դասընթաց ՏՄԱԿ-ների մասնագետների համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (International Committee of the Red Cross in Armenia) հետ համագործակցությամբ։ Դասընթացի ավարտից հետո ՏՄԱԿ-ների մասնագետները կիրականացնեն դպրոցների մանկավարժների վերապատրաստումներ։
«Դպրոցահասակ երեխաների տոկունության զարգացման ծրագիր» եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀՄԿ-ի, ՏՄԱԿ-ների և դպրոցների հոգեբանների համար, որն իրականացվում է Լոս Անջելեսի Կալիֆորնյան Համալսարանի հետ համագործակցությամբ։
«Խաղաղարարական և համայնքային աշխատանքների իրականացման ընթացքում տրավմատիկ զգայուն իրավիճակների կառավարում» երկօրյա վերապատրաստման դասընթաց մանկավարժների համար, որն իրականացվում է «Corridors՝ երկխոսություն համագործակցության միջոցով» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել մեր Թեժ գծի հեռախոսահամարով։