ՀՄԿ-ում կայացավ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» դասագրքերին կից հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերի վերաբերյալ քննարկում հեղինակների՝ ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետների մասնակցությամբ։
Աշխատանքային գիրք-տետրերը, որոնք ներառում են նախաայբբենական և նախաթվային շրջանները, տպագրվել են «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում հարմարեցված ուսումնական նյութերի մշակմանն ու ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի շրջանակներում և սույն թվականի սեպտեմբերից փորձարկվում են Երևանի, Լոռու և Արմավիրի մարզերի 11 դպրոցներում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձարարական աշխատանքներն իրականցնող ուսուցիչների, գիրք-տետրերով աշխատող երեխաների ծնողների կողմից ներկայացված կարծիքները, մեկնաբանությունները: Արձագանքները բացառապես դրական են՝ շեշտադրելով այն իրողությունը, որ տվյալ երեխաների համար ուսումնառությունը դարձել է առավել մատչելի և մասնակցային, ինչն էլ հիմք կհանդիսանա աշխատանքների շարունակականության ապահովմանը: Քննարկվեցին նաև հետագա գործողությունները՝ մասնավորապես կապված աշխատանքային գիրք-տետրերին կից մեթոդական ձեռնարկի մշակման աշխատանքների հետ:
Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող People in Need Armenia-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում է: