«ԱՈՒՏԻԶՄ և ԱՐՎԵՍՏ» այս խորագիրն էր կրում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Գեղարվեստական կրթության» ու «Հատուկ և ներառական կրթության» ֆակուլտետների հետ համագործակցությամբ աուտիզմի իրազեկման օրվա/ամսվա շրջանակներում կայացած միջոցառումը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանը։ Մեջբերելով հայտնի դիտարկումը՝ «Եթե ճանաչում ես աուտիզմ ունեցող մեկին, ապա ճանաչում ես միայն նրան», նա կարևորեց այն իրողությունը, որ աուտիզմ ունեցող յուրաքանչյուր ոք առանձնահատուկ է, իսկ արվեստը մեծ դեր է խաղում նրանց կյանքում։
Հաղորդակցության համապատկերում արվեստի, մասնավորապես կերպարվեստի հաղորդակցական գործառույթին անդրադարձավ ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի դոցենտ, ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, գեղանկարիչ Սևադա Սարգսյանը։
Նախաձեռնությունը ողջունեց ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը՝ ուշադրություն հրավիրելով ՀՄԿ-ի դերին աուտիզմի և արվեստի փոխադարձ կապերի բացահայտման առնչությամբ։
ՀՊՄՀ Ներառական կրթության ֆակուլտետի դասախոս Ալվինա Հայրապետյանն էլ «Հոգեբանական ախտորոշման հիմունքները արտթերապիայի միջոցով» զեկույցում ներկայացրեց կերպարվեստի դերն ու հնարավորությունները աուտիզմի հայտնաբերման և ախտորոշման գործում։ Այնուհետև Ներառական կրթության ֆակուլտետի ուսանողները ներկաների հետ անցկացրին յուրօրինակ ինտերակտիվ խաղ՝ «Իմանանք ավելին աուտիզմի մասին», որի հաղթողները՝ արժանացան պատվոգրերի։
Իսկ ՀՄԿ «Միասին» թատերախմբի սաները ներկայացան աուտիզմ ունեցող հայտնի մարդկանց ուղերձով, որը և՛ տեղեկատվական, և՛ հոգեբանական ազդակ է աուտիզմի մասին իրազեկման տեսանկյունից։ Թատերախմբի ելույթն ավարտվեց երգի պրեմիերայով, որը համահունչ էր օրվա խորհրդին և տրամադրությանը։
Միջոցառումն ամփոփվեց Սևադա Սարգսյանի անհատական ցուցահանդեսով, որտեղ ներկայացված բնանկարներից մեկի մոտիվներով ներկաները միասին նկարեցին համաստեղծագործություն-բնանկար՝ «ԱՐՎԵՍՏ-ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կապի խորհրդանշական բացահայտումով։