ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023թ-ի ապրիլի 5-7-ը «Yerevan-EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին ավելի քան 80 կրթական հաստատություններ և միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից և արտերկրից:
Ցուցահանդեսի բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա կարևորեց կրթության և աշխատաշուկայի կարիքների ու պահանջների համադրումը և հատկապես դպրոցականների մասնակցությունը տարածաշրջանի խոշորագույն ցուցահանդեսի հարթակում։ Ա․ Սվաջյանի դիտարկմամբ՝ կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացման տեսանկյունից այս ցուցահանդեսը լայն հարթակ է նաև օտարերկրյա կազմակերպություններին ներկայացնելու ՀՀ կրթական հնարավորությունները, ուրվագծելու համագործակցության հեռանկարները, մեծացնելու հետաքրքրությունների շրջանակը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ներկայացավ իր ողջ գործունեությամբ։ Կրթության ներառականացմանը վերաբերող ծրագրերի, գործընթացների ու ռազմավարությունների մշակման առումով տեղական և միջազգային գործընկերների հետաքրքրությունը մեծ էր ՀՄԿ-ի տաղավարի նկատմամբ, որտեղ ցուցադրված էին մեր հրատարակությունները։
ՀՄԿ կողմից մշակված բովանդակային մշակումները, հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերը և ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ուղեցույցները հետաքրքրեցին այցելուներին հասանելի և մատչելի կրթության կազմակերպման հեռանկարում։
Իսկ ՀՄԿ մասնագետների կողմից ստեղծված զարգացնող խաղերն ու դիդակտիկ նյութերը անտարբեր չթողեցին ցուցահանդեսի փոքրիկ մասնակիցներին, ովքեր մի լավ ուսումնասիրեցին ու առանձնակի ոգևորությամբ խաղացին դրանցով: