2022թ-ի նոյեմբերի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «ՄԻԱՍԻՆ» Ներառական թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց «ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է» բեմադրությունը՝ ըստ Ալան Ալեքսանդր «Միլնի Վինի Փու արջուկը» վիպակի։
Բեմադրությանը մասնակցում էին 12 դերասաններ՝ ռեժիսոր Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ, ով նաև թատերախմբի ղեկավարն է և մանկապատանեկան թատերական արվեստի իր բազմամյա փորձը ներդնում է ներառական թատերարվեստի հնարավորությունների բացահայտմանը։
Ներկայացումն անցավ ջերմության ու բարության մթնոլորտում, որտեղ դերասանների, նրանց կերպավորած դերերի ու հենց խաղի միջոցով ավելի շատ կարևորվում էր մարդկանց աշխարհին սեփական դիտանկյունից նայելու և այդ յուրահատկությունը բոլորի կողմից ընդունելի դարձնելու գաղափարը։
Բոլոր պատնեշները հաղթահարելով՝ ՄԻԱՍԻՆ դեպի երազանքների իրականացման աշխարհը գնալու նրանց հաստատակամությունն ու ոգևորությունը փոխանցվել էին նաև հանդիսատեսին։ Պատահական չէ, որ ներկայացումը մեջընդմեջ ուղեկցվում էր հանդիսատեսի ծափահարություններով։
Ներկայացմանն իրենց ակտիվ մասնակցության համար մեր փոքրիկ դերասաններն արժանացան պատվոգրերի։
Ողջունելով թատերախմբին վեցամսյա աշխատանքի գեղեցիկ արդյունքի համար՝ Կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանն իր խոսքում կարևորեց արվեստի միջոցով փոփոխությունների հասնելու ճանապարհը և այն գործընթացը, որի միջով անցնում են երեխաները, որովհետև․ «Սա ոչ միայն վերջնարդյունք է, որը փոփոխություններ է բերում և կարծրատիպեր կոտրում, այլև յուրաքանչյուր երեխայի ավելի ուժեղ և ավելի կայացած անձ դառնալու ինքնավստահություն հաղորդում»։
Թատերարվեստի միջոցով երեխաների և, առհասարակ, հասարակության համար բազմազանությունը որպես արժեք ձևավորելու, այդպիսով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրական ներառում ապահովելու հաջող մեկնարկն իր տրամաբանական ընթացքի մեջ է։
Ի դեպ, նախագիծն իրականություն դարձավ 2022թ. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: