Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրօրինակ տոն էր թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար։
ՀՄԿ-ում կազմակերպվել էր միջոցառում «ԽԱՂԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի սաները, ՀՄԿ «Միասին» թատերախումբը, մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ն․Վ․Գոգոլի անվան թիվ 35, Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցների աշակերտներ, ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողներ։
Փոքրիկներին ողջունեց և շնորհավորեց ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Ապա «Միասին» թատերախմբի սաները ներկայացրին «ԽԱՂԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» բեմականացումը, որի հերոսները գտնում են մեծերի կորցրած ամենագնահատելի արժեքը՝ խաղաղությունը և այն վերադարձնում մարդկությանը։ Մանկության և խաղաղության որոնումների ընթացքում նրանք անցնում են զարգացնող խաղ-փորձությունների միջով՝ կավագործություն, նկարչություն, լաբիրինթոս, խոհարարական վարպետություն` պիցցայի պատրաստում, և բացահայտում փորձությունների մեջ գաղտնագրված խաղաղությունը՝ յուրովի փաստելով, որ ստեղծագործական աշխատանքը խաղաղության հասնելու կարևոր ուղիներից մեկն է։
Միջոցառման ընթացքում մեր փոքրիկ մասնակիցները խաղաղության խորհրդանիշ աղավնու պատկերի մեջ նկարեցին խաղաղության իրենց պատկերացումները՝ այդպես ամբողջացնելով իրենց «համաստեղծագործություն-պաննոն»։
Փոքրիկներին հյուր էին եկել նաև «Զաքարյան» ակրոբատիկ ստուդիայի սաները, ովքեր հանդես եկան հետաքրքիր պարային և ակրոբատիկ համարներով։
Երեխաները ստեղծագործեցին, խաղացին և ուրախացան, միասին պարեցին, իսկ ՀՄԿ թիմի անդամներն իրենց պարային անակնկալ-ֆլեշմոբով ամբողջացրեցին տոնական տրամադրությունը։
Օրը լի էր ժպիտներով, գույներով ու նվերներով։ Միջոցառման վերջում բոլորը միասին երկինք բաց թողեցին խաղաղության խորհրդանիշ աղավնի՝ ևս մեկ անգամ վերարժևորելով միասին խաղաղության հասնելու գաղափարը: