2023թ․ ապրիլի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Գունագիտությունը՝ որպես երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտման և զարգացման միջոց» թեմայով սեմինար, որը վարում էր ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի դասախոս, ՀՀ նկարիչների միության անդամ, ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մ․գ․թ․, դոցենտ Սևադա Սարգսյանը։
Սեմինարին մասնակցում էին ՏՄԱԿ-ների և ՀՄԿ աջակցության տրամադրման բաժնի հատուկ մանկավարժները, հոգեբանները։
Սեմինարը միտված էր նպաստելու երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտմանը մասնագետների՝ գունագիտության տեսական իմացության հիմքով։ Սեմինարի առաջին մասում հանգամանալիորեն ներկայացվեցին ՀՄԿ-ի կողմից հրատարակված «Կերպարվեստ 1-ին դասարան» աշխատանքային գիրք-տետրը և ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ուղեցույցը, նրանցով աշխատելու առանձնահատկությունները։
Մասնակիցները ծանոթացան նաև տարբեր գույների կառուցվածքին, հետազոտողների կողմից գունային անիվի (գունային սպեկտր) կառուցման սկզբունքներին և այդ գունահամակարգերով աշխատելու տարբեր հնարավորություններին։
Այնուհետև անցան ստացած տեսական գիտելիքները գործնական կիրառությամբ ամրապնդելուն՝ միաժամանակ բացահայտելով սեփական ստեղծագործականությունը․ խմբերով քննարկեցին երեխաների և հենց իրենց աշխատանքները՝ օգտագործված գունային համադրումների և աշխատելու ոճի հոգեբանական բնութագրերի միջոցով փորձելով բացահայտել ներաշխարհը, ստեղծագործական հակումները, ստեղծագործականության զարգացման մեխանիզմները։