2022թ. նոյեմբերի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Հավասար» կրթական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որն ուղղված է ներառական կրթության համատեքստում հարմարեցված ուսումնական նյութերի մշակման և ներդրման աշխատանքների օժանդակմանը։
Համագործակցության նպատակն է նպաստել Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, կրթական գործընթացում յուրաքանչյուր երեխայի առավելագույն մասնակցությանը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժների, մանկավարժահոգեբանական խմբի անդամների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Համագործակցութան շրջանակներում ՀՄԿ մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական փորձաքննություն կիրականացվի «Հավասար» կրթական հիմնադրամի կողմից մշակված նյութերի վերաբերյալ, միաժամանակ «Հավասար» կրթական հիմնադրամի կողմից կթվայնացվեն Կենտրոնի կողմից մշակված ուսումնական նյութերը։
Վստահ ենք՝ ժամանակակից և նորարարական մեթոդների ներդրմամբ ներառական կրթության կազմակերպման և իրականացման գործընթացը կդառնա ավելի դինամիկ և արդյունավետ՝ մուտք գործելով թվային տեխնոլոգիաների ոլորտ։