Այսօր Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում հարմարեցված ուսումնական նյութերի մշակմանն ու ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի ամփոփիչ քննարկումն էր։
Քննարկմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, People in Need Armenia ՀԿ-ի, UNICEF-ի հայաստանյան գրասենյակի, ՀՊՄՀ, ՀՀ ՏՄԱԿ-ների, Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ի և ՀՄԿ ներկայացուցիչներ, ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլք։
2021 թվականի սեպտեմբերից Երևանի, Լոռու և Արմավիրի մարզերի 11 հանրակրթական դպրոցներում իրականացվել է փորձարարական ծրագիր, որի շրջանակներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ ուսումնառության մեջ կայուն դժվարություններ ունեցող 55 երեխա հնարավորություն են ունեցել իրենց համար առավել հարմար ուսումնական նյութերով մասնակցելու ուսումնական գործընթացին և ձեռք բերելու հիմնական գիտելիքներ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» դասագրքերին կից հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերի միջոցով։ Ծրագրի շրջանակներում 120 ուսուցիչներ, հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ և հոգեբաններ գործնական աջակցություն են ստացել՝ աշակերտների բազմազան կրթական կարիքներին ուղղված ուսումնական նյութերի արդյունավետ հարմարեցումների վերաբերյալ։
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող, People in Need Armenia-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի ընթացքն ու արդյունքները, տպագրված հարմարեցված նյութերը, հնչեցին կարծիքներ շահառու կողմերից, քննարկվեցին հետագա քայլերը։
Համագործակցությունն իրապես ստացված է․ նախանշված հետագա գործողությունները ուղղված են լինելու գործընթացի շարունակականության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը։