Փոքրիկ Արսենն այսօր առաջին անգամ է հաճախել կավագործության սենյակ։ Նա իր փոքրիկ մատիկներով նախ տրորում է կավը, գրտնակով հարթեցնում, ապա ծեփում իր առաջին ստեղծագործությունը՝ գիրք։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կավի լաբորատորիան ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Fund For Armenian Relief Մայրաք Վեյսբախ հիմնադրամի աջակցությամբ:
Կավաթերապիան ՀՄԿ-ի կողմից տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններից մեկն է։ Այն նպաստում է հոգեբանական տարբեր խնդիրների և լարվածության հաղթահարմանը, ինչպես նաև մանր շարժունակության, երևակայության զարգացմանը։
Երեխաները եռանդով ու սիրով են աշխատում կավի հետ, բացահայտում նրանով տարբեր իրեր ծեփելու տեխնիկան։ Կավն իր հերթին օգնում է նրանց՝ զարգացնելու մանր մոտորիկան, խոսքը, զուգորդական մտածողությունը։ Փոքրիկները կավի հետ խաղի արդյունքում ծանոթանում են սեփական ձեռքերով տարբեր իրեր ստեղծելու հմտությանը և հնարներին։ Ի դեպ, նրանց ձեռքերով պատրաստված կավե խաղալիքները դարձան ամանորյա անակնկալ-նվերներ երեխաներին և մեր գործընկերներին։