ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները։
Կարևորելով կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման գործուն համակարգի առկայությունը, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա, նոր կարգով առաջարկվում է.
- կանխել դպրոցահասակ երեխաների՝ կրթությունից դուրս մնալը,
- վաղ բացահայտել ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին,
- բացահայտել ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար,
- ապահովել երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում:
Փոփոխությունը, ի թիվս այլ խնդիրների, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ չնայած գործող կարգով՝ «Մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի կանոնադրության մեջ առկա է գործառույթ` իրականացնել հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական ուսումնական հաստատություններում», սակայն չէին հստակեցվում մեխանիզմները, և բաժինների ինստիտուցիոնալ կարողությունները չէին բավականացնում այդ գործառույթը լիովին իրականացնելու համար: Նոր կարգով սահմանվում է․ եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնն ապահովում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և անհատական ուսումնական պլանի կազմումը:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:
Նկատի ունենալով հարցի կարևորությունը՝ ակնկալվում է հանրային ակտիվ քննարկում: