Ալիկը տասը տարեկան է։ Նա սովորում է չորրորդ դասարանում։ Ալիկը լսողական սարք է կրում, որը, սակայն, նրան հնարավորություն չի տալիս լիարժեք հասկանալ ընկերներին և ուսուցչին։ Ալիկի մայրիկի երազանքն է՝ տեսնել որդուն դասընկերների հետ բանավոր խոսքով հաղորդակցվելիս։
«Նպատակի ուժը երազանքն է» անիմացիոն ֆիլմը պատմում է Ալիկի, նրան դասավանդող ուսուցչի և դասընկերների համագործակցության մասին։ Այն ստեղծվել է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ «Իմ իրավունքը․ ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում։
Ֆիլմում ներկայացված է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած հաջողված պատմություններից մեկը։ Այն նպաստում է հասարակության իրազեկվածության բարձրացմանը և միտված է յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքի իրացմանը։
Հաջորդիվ կներկայացնենք ձեռնարկի մյուս հերոսների պատմությունները, որոնք «Հայկական Կարիտասի» հետ համագործակցության արդյունքում նույնպես վերածվել են անիմացիոն ֆիլմերի։