ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում մարտի 1-2-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Աջակցող տեխնոլոգիաները լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթական գործընթացում» թեմայով դասընթաց։
Դասընթացավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։ Դասընթացը միտված էր նպաստելու ՏՄԱԿ-ների աջակցող մասնագետների իմացությունների և հմտությունների զարգացմանը լսողական խնդիրներ ունեցող սովորողների հետ աշխատանքում։
Դասընթացը կազմված էր երկու փոխլրացնող՝ տեսական և գործնական մասերից։ Տեսական մասում անդրադարձ կատարվեց լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթական գործընթացում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներին։ Հանգամանալիորեն ներկայացվեցին դրանց տեսակները, կառուցվածքային և օգտագործման առանձնահատկությունները։ Այնուհետև դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան գործնական աշխատանքներով ամրապնդել ձեռք բերած գիտելիքները։