Օգոստոսյան խորհրդակցությունները ընթացքի մեջ են։
Լոռու և Արմավիրի մարզերում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին նախարարության և մարզպետարանի պաշտոնատար անձինք, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ։
Ա․Սվաջյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, նոր դասագրքերի ստեղծմանը, ուսումնական նյութերի կիրառմանը, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին, դպրոցների ֆինանսավորմանը և կառավարման նոր մոդելին վերաբերող մանրամասներ։ Նա կարևորեց դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման հարցերը՝ դիտարկելով դրանք բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման ու կանխարգելման տեսանկյունից։
ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանը անդրադարձ կատարեց նաև համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանը՝ կարևորելով առաջիկա սեպտեմբերից ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիքի պարտադիր ներդրումը, դպրոցները ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումներով համալրելը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ