Շարունակվում են հանրապետության մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումները։ Օգոստոսի 23-ին հերթական խորհրդակցությունն անցկացվեց Տավուշի մարզում, որը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Քննարկմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Խորհրդակցությունների հիմնական թեմաներն էին կրթական համակարգի բարեփոխումները, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտում նորամուծությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Փոխնախարար Ա․Սվաջյանը ուղենշային համարեց հանրակրթության ոլորտի բարեփոխումներում Տավուշի մարզի դերը՝ պայմանավորված ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:
Համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող քննարկումների շրջանակում ՀՄԿ տնօրեն Լ.Մնացականյանը անդրադարձավ առաջիկա սեպտեմբերից բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիքի պարտադիր ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին և կիրառվելիք նորարարական մոտեցումներին։
Քննարկման մասնակիցները կարևորեցին նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության և սովորողների իրավունքների պաշտպանությունը՝ բուլինգի, ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության ու այլ արատավոր երևույթների վերահսկման ու կանխարգելման տեսանկյունից։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ