Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցության մասնակիցներն էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, նախարարության և մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ։
Մասնակիցները քննարկեցին 2023-2024 ուսումնական տարվանից կիրառվելիք նոր կրթական համակարգի մոտեցումների ու գործիքակազմի, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման և նոր դասագրքերի ստեղծման, պարտադիր և կամավոր ատեստավորման, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր։
Ա․ Սվաջյանը խոսեց դպրոցներում համընդհանուր ներառման հետ կապված խնդիրների առկայության և այդ ուղղությամբ աշխատանքների կարևորության մասին՝ հավելելով, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը, ինչպես նաև նպատակային ֆինանսավորում կհատկացվի հանրակրթական ուսումնական հաստատություններին ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, տեխնոլոգիական լուծումներով և խելամիտ հարմարեցումներով ապահովման նպատակով։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ