Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցութունը։ Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության և մարզպետարանի այլ ներկայացուցիչներ:
Մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ամփոփելով նախորդ ուսումնական տարվա արդյունքները, ներկայացրեց մարզում իրականացված կրթական ոլորտին առնչվող գործընթացները և փոփոխությունները։ Նա հորդորեց ներկաներին ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության՝ բուլինգի դրսևորումներին, լինել հետևողական, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ներառական կրթության կազմակերպման գործընթացը կարգավորող օրենսդրական փոփոխություններին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին։ Նշվեց այս ոլորտին վերաբերող գրականության և անհրաժեշտ օժանդակ նյութերի առկայության կարևորությունը դպրոցներում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ուսուցիչների պարտադիր ու կամավոր ատեստավորմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր։
Սկզբնաղբյուր` ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ