Այս հարցերի լուսաբանմանն էր նվիրված 2024թ․ սեպտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացված սեմինար-վերապատրաստումը, որին մասնակցում էին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետները։
Սեմինարավարներն էին ՀՄԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարինա Սողոմոնյանը և իրավախորհրդատու Լիլիթ Հարությունյանը։
Հանդիպման օրակարգում էին մեդիագրագիտությանն առնչվող այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են տեղեկատվական իրազեկությունն ու իրավաչափությունը, սոցիալական մեդիայի ռազմավարությունները և աշխատանքի յուրահատկությունները, սոցիալական էջերի վարման և առաջխաղացման վերաբերյալ հմտությունների ձեռքբերումն ու կատարելագործումը, թվային բովանդակություն ստեղծելու և այն համապատասխան ձևավորմամբ ներկայացնելու առանձնահատկությունները, տեղեկատվության կիրառման մեխանիզմների պահպանումը և այլն։
Բանախոսներն անդրադարձան մեդիագրագիտության կարևորությանը, մեդիայի բովանդակության վերլուծության հիմնական նպատակներին, տեղեկատվությունը որպես արդյունավետ գործիք կիրառելու և այդ առումով անվտանգային խնդիրները բացառելու մեխանիզմներին։
Մ․ Սողոմոնյանը հանգամանալիորեն ներկայացրեց հանրային իրազեկման շրջանակում տարբեր մեդիահարթակներում գործելու, սոցիալական էջերի բարելավման և պաշտպանվածության ավելացման, տեղեկատվությունը հնարավորինս ամբողջական և թիրախային փոխանցելու յուրահատկությունները, ծանոթացրեց տեղեկույթի հետ աշխատելու նրբություններին։ Անդրադարձ կատարվեց նաև հեղինակային իրավունքին և թվային տիրույթում նրա պաշտպանվածությանը, ինչպես նաև մեդիակոնտենտի պատրաստման առանձնահատկություններին։
Սոցիալական հարթակներում տեղեկատվության իրավաչափության ստուգման և դրա կիրառման մեխանիզմների պահպանման մանրամասները ներկայացրեց Լ․ Հարությունյանը։ Նա խոսեց երեխաների անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց, թե ինչ է անձնական տվյալը, ինչ մեխանիզմներով է պաշտպանված և ինչպես կիրառել այն իրավաչափության սահմաններում։
Սեմինար-վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սիմվոլների կիրառությանն ու նրանց նշանակությանը, որն ուղեկցվեց սոցիալական մեդիայի տիրույթում գործնական հմտությունները բացահայտելուն միտված հետաքրքիր խաղ-վարժությամբ։
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով՝ անմիջական և կառուցողական մթնոլորտում:
23.09.2024