2024թ․ նոյեմբերի 6-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ծնողների հետ։
Հանդիպման նպատակն էր ծնողներին տեղեկատվություն փոխանցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս դասարան» փորձարարական ծրագրի վերաբերյալ:
«Ռեսուրս դասարան» փորձարարական ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ տնային ուսուցման պայմաններում սովորող հաղորդակցման և մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող այն երեխաների կրթության իրավունքի իրացմանը, որոնք ունեն դասապրոցեսին աստիճանաբար ներգրավվելու կարիք։
Հանդիպմանը մասնակցում էին ծնողներ, մասնագետներ, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի, ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների ներկայացուցիչներ։
Ներկաներին փոխանցելով ծրագրի հիմնական ուղերձը՝ «Յուրաքանչյուր սովորող կարևոր է և կարևոր է հավասարապես», ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանգամանալիորեն ներկայացրեց «Ռեսուրս դասարանի» գաղափարը, անդրադարձավ ծրագրի ներդրման նպատակին, գործառույթներին, նրանում ընդգրկվելու պայմաններին, ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքներին։ Նա շեշտեց, ոչ ծրագրի ներդրման գլխավոր պայմաններից մեկը սովորողների ներառման ծավալի աստիճանական մեծացումն է, որը ոչ թե երեխային դպրոցի միևնույն տարածքում իր կարիքին համապատասխան առանձին միջավայրում պահելն է, այլ աստիճանաբար հասակակիցների միջավայրում գտնվելու և նրանց հետ միասին սովորելու ավելի ու ավելի շատ հնարավորություն է ընձեռում։
Լ․Մնացականյանը նշեց նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում ապահովվում են ուսումնառության համընդհանուր ձևավորման (UDL) պայմանները, միջավայրի մատչելիությունն ու խելամիտ հարմարեցումները՝ աջակցող սարքերի և տեխնոլոգիաների, հարմարեցված նյութերի և մասնագիտացված ուսուցման ռազմավարությունների միջոցով։
ՀՄԿ տնօրենը շեշտեց նաև ծնողների վերապատրաստման կարևորությունը այս համապատկերում՝ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը և ծնողական համայնքի հզորացմանը։ Նա ընդգծեց նաև, որ պիլոտային ծրագրում երեխաների ընդգրկվելու և ծրագրով նախատեսվող բոլոր գործընթացներն իրականացվում են ծնողների համաձայնությամբ։
Հանդիպումն ուղեկցվում էր արդյունավետ, հետաքրքիր քննարկումներով, որոնց ընթացքում մասնագետներն ու ծնողները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Փորձարարական ծրագրում ընդգրկված երեխաների ծնողները, ովքեր նույնպես ներկա էին հանդիպմանը, կիսվեցին ռեսուրս դասարանում իրենց երեխաների ընդգրկվածության երկամսյա փորձով՝ կարևորելով ծրագրի շարունակականությունը և դրական փորձի ներդրումը այլ դպրոցներում նույնպես։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը միշտ բաց է կառուցողական քննարկումների և արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված բոլոր երեխաների կրթության իրացման հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը։
Հիշեցնենք, 2024-2025 ուսումնական տարում փորձարարական ծրագիրն իրականացվում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 և Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցներում։
07.11.2024