Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2024թ․ դեկտեմբերի 17-ին անցկացվեց տասնվեցերորդ վեբինարը՝ «ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՈՒՄ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Նիկոլինա Միհալիչ Կոցիանը։
Լավ կազմակերպված միջավայրն օգնում է անձին առավելագույնս օգտագործել իր տեսողությունը: Այս վեբինարն ուղղված էր տարբեր իրավիճակներում անձի տեսողության վրա միջավայրի ազդեցությանը և անձի տեսողության ֆունկցիան բարելավելու համար միջավայրում հնարավոր փոփոխություններ կատարելուն։ Բանախոսը ամփոփ ներկայացրեց տեսողության գլխուղեղային խանգարում ունեցող երեխաների առանձնահատկությունները ըստ տեսողության գնահատման հիմնական ոլորտների՝ կապելով դրանք միջավայրի այն գործոնների հետ, որոնք կարելի է փոխել՝ հնարավորություն տալով հաջողությամբ կատարելու որոշակի առաջադրանքներ տվյալ միջավայրում։ Բանախոսը իրազեկեց նաև տարածքի ու նյութերի արդյունավետ հարմարեցման վերաբերյալ՝ ծանոթացնելով տեսողության առաջադրանքների համար կարևոր այնպիսի գործոնների, ինչպիսիք են գույնը, լույսը, տեսողական տվյալների հագեցվածությունը, ձայնային ազդակներն ու հրահանգները։ Վեբինարի մասնակիցները տեղեկացան, թե տեսողական ինչ խնդիրների դեպքում որ գործոններն են առավելապես ներգործուն, ինչպիսի հարմարեցումներ են նպատակահարմար, և ինչպիսի ռազմավարություններ կիրառել առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
18․12.2024