2025թ․ փետրվարի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում «Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգ» նախագծի շուրջ։
Քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ կրթության տեսչական մարմնի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մշակված ընթացակարգի կառուցվածքը և գործողությունների հաջորդականությունը, քննարկվեցին վերջինիս իրավական, կազմակերպչական և գործնական կիրառմանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները ներկայացրին մասնագիտական դիտարկումներ և առաջարկություններ՝ ուղղված փաստաթղթի հստակեցմանը և կատարելագործմանը։
Քննարկումների ընթացքում մասնագետներն ընդգծեցին միջոլորտային համագործակցության կարևորությունը երեխաների լավագույն շահի պաշտպանության գործում։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հրամանով և «Դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույց»-ի հիման վրա նախորդ տարվա ընթացքում հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով վերապատրաստումներ։ Մշակվող ընթացակարգը հանդիսանում է այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը և նպատակաուղղված է դպրոցներում ձևավորված գիտելիքի ու կարողությունների հստակ, միասնական և գործնական կիրառման մեխանիզմների ապահովմանը։
Ներկայացված կարծիքներն ու առաջարկությունները կամփոփվեն և կընդգրկվեն փաստաթղթի վերջնական տարբերակում։
Շնորհակալություն բոլոր գործընկերներին մասնագիտական ներգրավվածության և համագործակցության համար։
16.02.2026

