Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի, օլիգոֆրենոմանկավարժության և տիֆլոմանկավարժության բաժինների ուսանողների մանկավարժական պրակտիկան, որը ղեկավարում էին ՀՄԿ Մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետներ Քրիստինե Սահակյանը և Լյուդմիլա Գարեգինյանը։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում ամրապնդել տեսական գիտելիքները մանկավարժահոգեբանական աջակցության, նրա տրամադրման ձևերի ու եղանակների մասին։ Անհատական և խմբային պարապմունքները, որոնք իրականացվում են ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետների կողմից, հնարավորություն ընձեռեցին նրանց ծանոթանալ աջակցության տրամադրման մեթոդներին, ձևավորել և զարգացնել մասնագիտական հմտություններ տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Ուսանողները մասնակցեցին նաև ՀՄԿ-ում իրականացվող նախագծերին՝ կավագործություն, պարային թերապիա, կինեզոթերապիա, դրամաթերապիա՝ գործնականում զգալով արտթերապիայի դրական ազդեցությունը։ Պարապմունքների ընթացքում նրանք․
- ✦ աշխատեցին կավով՝ բացահայտելով և ցուցադրելով իրենց ստեղծագործական հմտությունները,
- ✦ ծանոթացան կինեզոթերապիային և նրա ժամանակակից մոտեցումներին մանկավարժահոգեբանական աջակցության ոլորտում,
- ✦ մասնակցեցին պարաթերապիայի՝ հնարավորություն ունենալով գնահատել անձի վրա նրա ներգործությունը,
- ✦ ուսումնասիրեցին դրամաթերապիայի առանձնահատկություններն ու հնարավորությունները՝ հանդես գալով որպես թատերախմբի դերակատարներ, նորովի բացահայտելով սեփական ներաշխարհը և վեր հանելով ուժեղ կողմերը։
Հերթական մանկավարժական պրակտիկան ամփոփվեց նոր հանդիպման ակնկալիքով:
Ի դեպ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը շարունակական բնույթ է կրում։ Կենտրոնը միշտ բաց է նպաստելու ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների, կարողությունների և հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը։
30.11.2023