Հանրակրթության մասին ՀՀ օրենքում 2022 թվականի փետրվարի 9-ին կատարված փոփոխությունների համաձայն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ է համարվում նաև բացառիկ ընդունակություններ ունեցող երեխան:
Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն աստիճանական և համալիր գործընթաց է, որի ներդրման ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է նպատակային աշխատանքներ՝ ներառյալ համապատասխան գործիքակազմի ընթացակարգերի մշակումը։
Գործիքակազմից բացի կարևոր դեր է խաղում նաև մասնագիտական պատրաստվածությունը, քանի որ այս գործընթացում առաջնային է համարվում մասնագետի կոմպետենտությունը՝ հոգեբանների, ուսուցիչների գիտելիքի գեներացումը, բացառիկ ընդունակություններով սովորողների ճանաչումը և նրանց հետ աշխատանքի փորձը, գործիքների հետ աշխատելու հմտությունները:
Կարևորելով այս ամենը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն անցկացնում է «Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները» թեմայով փուլային վերապատրաստման դասընթացներ ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների համար։
Դասընթացներն իրականացնում է ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մասնագետ Մադլենա Առաքելյանը։
12.04.2024