Ընթացքի մեջ է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը, որի երկրորդ՝ «ԱՆՀԱՏԸ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ» թեմայով վեբինարն անցկացվեց 2023թ․ մայիսի 10-ին։
Վեբինարի բանախոսը՝ «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչը, ներկայացրեց անհատի ուսումնական ծրագրի նշանակությունը, խոսեց ծրագրի սահմանման ու բաղադրիչների, զարգացման մոտեցումների մասին՝ դիտարկելով այն ոչ միայն որպես փաստաթուղթ, այլև գործընթաց, որը հիմնված է նաև սեփական փորձի վերլուծության վրա։ Հստակեցվեցին տեսականորեն ամրագրված դրույթների գործնական կիրառության հնարավորությունները։ Բանախոսը կարևորեց ծրագրի բաղադրիչների շարունակական, դինամիկ, հաջորդական զարգացումը յուրաքանչյուր երեխայի կարողությունների, հետաքրքրությունների ու կարիքների գնահատման հիմքով, որի արդյունքում սահմանվում են առաջնահերթությունները և սովորեցնելու ենթակա հմտությունները։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր կայքին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու և մասնակցության գրանցումը բաց չթողնելու համար։