Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ է մտել ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ սահմանելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 31-Ն հրամանը։
Սույն կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) հաշվառված, առողջական վիճակի, ինչպես նաև բուժման պատճառով Հաստատություն հաճախել չկարողացող սովորողների ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այդ թվում՝ արտերկրում) իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները։
Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցման ձևով։
Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում՝
- ✦ բժշկական հաստատության տված տեղեկանքը սովորողի առողջության և (կամ) բուժման կազմակերպման ձևի մասին,
- ✦ սովորողի ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը,
- ✦ ծնողի և հաստատության միջև կնքված պայմանագիրը։
Տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է աշխատանքներ՝ սովորողի ուսուցումը Հաստատությունում իրականացնելու համար։
Տնային ուսուցում կազմակերպելու մասին պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 ուսումնական տարի ժամկետով, և դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն երեխայի առողջության պահպանման տեսանկյունից Հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում՝ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։
Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից սահմանված տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի պարագայում նաև Հաստատության կազմած անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) համաձայն։
Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է Հաստատության և Հաստատությանը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն սովորողի ԱՈՒՊ-ի։
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ՝ ընդհանուր դրույթների, գործընթացի կազմակերպման, ֆինանսավորման և օրինակելի ձևերին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը.