2018թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել հաշմանդամության գնահատման համակարգում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված նոր մոդելի ներդրման շրջանակներում կազմակերպված աշխատանքային քննարկում: Միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուն և Մարիաննա Պապադուպուլուն հանդիպման մասնակիցներին ներկայացրել են Կիպրոսի փորձը, իրականացված աշխատանքների գործընթացն ու իրական արդյունքները: Փորձագետները խոսել են նաև նոր ներդրվող հայաստանյան մոդելի ընդհանուր կառուցվածքի, առավելությունների և միջգերատեսչական համագործակցության առանցքների մասին: Հատկապես կարևորվել է անձի կարիքների բազմակողմանի և համապարփակ գնահատումը և գնահատված կարիքին համարժեք անհրաժեշտ ծառայությունների որոշումը:
Քննարկմանը մասնակցել են հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ: Քննարկման ավարտին հույն փորձագետը մեկ անգամ ևս բարձր գնահատանքի է արժանացրել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործընթացը և գնահատող մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը: